Հիմնադրման պատմություն
«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականի հունվարի 22-ին: Հասարակական կազմակերպության հանձնառությունն է արձանագրել և պաշտպանել մարդու իրավունքների խախտումները, նպաստել իրավական մշակույթի զարգացմանը, իրականացնել մշտադիտարկումներ և հետազոտություններ մարդու իրավունքների ոլորտում և դատական hամակարգում, նպաստել հիմնավոր և փաստահեն հանրային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, Արցախի Հանրապետությունում բնակվող անձանց հիմնարար իրավունքների կենսագործման խոչընդոտների վերացմանը, կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային պարտավորությունների ու հանձնառությունների իրականացմանը։ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության գաղափարների շուրջ համախմբվել են սկզբունքային և արհեստավարժ մասնագետներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում կերտել իրավական այնպիսի ուղի, որը համարժեք կարձագանքի իրավունքի խախտումներին` դրանով իսկ ամուր հենք ստեղծելով իրավական պետության զարգացման համար։
Կազմակերպության համահիմնադիրներն են Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահն է Ռուբեն Մելիքյանը։