ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Երվանդ Նալթակյանի և մյուսների դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության
01.04.2021Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել դեռևս 2012 թվականին ներկայացված դիմումատուների դիմումը՝ «Երվանդ Նալթակյանը և մյուսները ընդդեմ Հայաստանի Հանրապետության (Դիմում N 47448/12)»: Սույն գործը վերաբերում է ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ և Փյունիկ համայնքի բազմաթիվ բնակիչների սեփականության իրավունքների պաշտպանությանը: Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության 241-Ն որոշմամբ այդ հողամասերը գերակա հանրային շահի պատրվակով հարկադրաբար օտարվել են «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ին` ջրերի շշալցման գործարան կառուցելու նպատակով: Հայցվոր կողմի շահերը եվրոպական դատարանում ներկայացնում են «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, փաստաբաններ Գոռ Մարգարյանը և Մարիամ Ղուլյանը: Գործի դրական ելքի դեպքում ակնկալվում է դիմումատուների սեփականության իրավունքի խախտումների արձանագրում և այդ խախտումների համար արդարացի փոխհատուցում: