Path of Law

NGO

«Իրավական ուղին» հաղթանակ է տարել աշխատանքային իրավունքների խախտման փաստով

«Իրավական ուղի» ՀԿ-ին դիմել էր քաղաքացի Ա․Մ․-ն աշխատանքային իրավունքների խախտման փաստով՝ խնդրելով ներկայացնել իր շահերը դատարանում։ Կազմակերպության փաստաբան Դավիթ Ավագյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենի 30.09.2019թ. թիվ 37-09/19-Ա հրամանը, քաղաքացուն վերականգնել նախկին աշխատանքին և բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Ս․թ․ հուլիսի 24-ին դատարանը բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով ՊՈԱԿ-ի տնօրենի թիվ 37-09/19-Ա հրամանը։ Դատարանը նաև որոշել է ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել միջին աշխատավարձի չափով հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 01.10.2019 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի հնգապատիկի չափով։

Պատասխանող կողմը դիմել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան` առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը բեկանելու պահանջով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով վերաքննիչ բողոքը, 30.12.2020 թվականի որոշմամբ մերժել է այն` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որն էլ օրինական ուժի մեջ է մտել օրենքով սահմանված ժամկետում: