Հայտարարություն պատգամավոր Հայկ Սարգսյանի կատարած հայտարարության վերաբերյալ
18.05.2019Այսօր առավոտյան ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների»՝ որպես դրան արձագանք փաստացի նախաձեռնելով հավաք դատարանի վարչական շենքի առջև։
Նման պատասխանատու հայտարարություն նման պատասխանատու քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից հնչեցնելը լիարժեք հիմք է, որ անհապաղ հարուցվի քրեական գործ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով («Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը»)՝ պարզելու համար, թե ինչպիսի ճնշումների է, պատգամավորի պնդմամբ, ենթարկվել դատավորը, որտեղից նրան այդպիսի տեղեկություն, ով է ճնշում գործադրողը։ Եթե քրեական գործի շրջանակներում հաստատվի ճնշումների փաստը, ապա պետք է լրացուցիչ պարզել՝ արդյոք դատավորը կատարել է Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով ամրագրված պարտականությունը՝ իր գործունեության նկատմամբ ցանկացած միջամտության պարագայում այդ մասին իրազեկել Բարձրագույն դատական խորհրդին։
Միևնույն ժամանակ, եթե իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի ներկայացրած պնդումը չհաստատվի, անհրաժեշտ է Քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարքի համար քրեական հետապնդում իրականացնել հենց այդ պատգամավորի նկատմամբ։