Path of Law

NGO

Կառավարության և պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկում

2020 թվականի հունիսի 26-ին քաղաքացի Դիանա Նորիկի Գրիգորյանը գտնվել է հանրային բաց տարածք հանդիսացող Մ․ Խորենացի փողոցում և չի կրել պարետի թիվ 110-Ն որոշմամբ սահմանված անհատական պաշտպանության միջոց հանդիսացող դիմակ, ինչի համար ոստիկանության ծառայողների կողմից բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին: Դիանա Գրիգորյանը դիմակ չկրելու և անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու համար տուգանվել է 10 000-ական դրամով։

Դիանա Գրիգորյանը դիմել է Վարչական դատարան, որտեղ նրա շահերը ներկայացնում են «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության փաստաբաններ Սիրանուշ Սահակյանը և Դավիթ Ավագյանը։ Դիանա Գրիգորյանը գտնում է, որ պարետի թիվ 110-Ն որոշմամբ և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1-ին մասով նախատեսված իրավախախտում կատարելու համար վերոնշյալ անհատական իրավական ակտով խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված իր՝ ազատ գործելու իրավունքը (39-րդ հոդված), ազատ տեղաշարժվելու իրավունքը (40-րդ հոդված) և սեփականության իրավունքը (60-րդ հոդված):

Դիանա Գրիգորյանը դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելու պարետի 2020թ. մայիսի 3-ի N 63 որոշման 6-րդ կետը և 6․1-ին կետը։ Որոշման 6-րդ կետով (պարետի 2020 թվականի հունիսի 3-ի N 110-ն որոշման խմբագրությամբ) սահմանում է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։ Դիմակն անհրաժեշտ է կրել՝ սույն որոշման հավելված N 18-ով սահմանված կանոններին համապատասխան։

Իսկ որոշման 6.1-ին կետը (պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139-Ն որոշմամբ ընդունված խմբագրությամբ) սահմանում է․ «Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը»։

Հաշվի առնելով այն համգամանքը, որ Դ․ Գրիգորյանի նկատմամբ վարչական ակտով կիրառված պարետի որոշումն իր հերթին բացառապես հիմնված է «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման վրա, որն անմիջականորեն վկայակոչվում է որպես պարետի որոշումն ընդունելու միակ իրավական հիմք` վիճարկվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության այդ որոշման 7-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, ինչպես նաև 8.1-ին կետը (ՀՀ կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 729-Ն որոշմամբ ընդունված խմբագրությամբ):

Դ․ Գրիգորյանը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, ինչպես նաև 8.1-ին կետը հակասում են.

ա) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և 7-րդ հոդվածին.

բ) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին,

գ) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին:

Այսպիսով, Կառավարության որոշմամբ պարետին լիազորություն է վերապահվել` սահմանելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների սահմանափակումներ, ինչն ուղղակիորեն հակասում է օրենքների` վերը թվարկված պահանջներին:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց կատարումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն որոշակիության սկզբունքին:

ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի ուժով արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու մի շարք հիմնական իրավունքներ և ազատություններ, որոնց թվին են դասվում նաև ազատ տեղաշարժվելու իրավունքը և ազատ գործելու իրավունքը, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել: Այսպիսով` արտակարգ դրության ժամանակ բացառապես օրենքով պետք է սահմանվի այն կարգը, որով կարող են ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել անձի ազատ գործելու կամ ազատ տեղաշարժվելու հիմնական իրավունքները: Բացի այդ,Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր միայն օրենքով, սակայն ոչ Կառավարության որոշմամբ:

Ի կատարումն Սահմադրության այս պահանջների` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը  նախատեսում է. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրավունքների և ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների»։

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները։

Բացի այդ, վերը նշված հոդվածով են սահմանվում սահմանափակումների սպառիչ ցանկը և ծավալը, ընդ որում՝ դրանց թվում ուղղակիորեն ամրագրված չէ մարդու ազատ գործելու իրավունքի սահմանափակումը, իսկ ազատ տեղաշարժվելու իրավունքը, նույն օրենքի 4-րդ հոդվածի ուժով, կարող է սահմանափակվել միայն և միայն արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ: Սակայն նույնիսկ Կառավարությունն իրավասու չէ կիրառել այնպիսի սահմանափակում, ինչպիսին անձանց մշտական բնակության, կամ գտնվելու վայրում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումն է: Մինչդեռ Կառավարությունը պարետին վերապահել է նման լիազորություն:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ  արտակարգ դրության ընթացքում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ, այդ որոշումը կայացնելիս և արտակարգ դրության ամբողջ ընթացքում Կառավարությունը գործում է որպես կոլեգիալ մարմին՝ Ազգային ժողովի վերահսկողության ներքո։ Նախատեսվող սահմանափակումները պետք է Կառավարության որոշմամբ կիրառվեն անմիջականորեն, այլ ոչ թե միջնորդավորված, այսինքն՝ Կառավարությունն իրավասու չէ իր լիազորությունը վերապատվիրակել որևէ այլ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի, ներառյալ՝ վարչապետին, փոխվարչապետին կամ Կառավարության այլ անդամի:

Դիմողը գտնում է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը չի կարող թույլատրվել կամ արտոնվել որևէ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Դիմումում նշվում է նաև, որ պարետի թիվ 63 որոշումը հակասում է նաև նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և 19-րդ հոդվածի 2-րդ մասին։ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանվում են այն վավերապայմանները, որոնք ունի նորմատիվ իրավական ակտը։ Տվյալ դեպքում, եթե իրավական ակտը նորմատիվ է, այն վերջում պետք է ունենա Ն տառը, այսինքն՝ լինի թիվ 63 Ն որոշում, ինչը նշանակում է, որ իրավական ակտը վերաբերում է անորոշ թվով անձանց, այսինքն՝ բոլորին։ Այս դեպքում, երբ պարետը որոշում է կայացրել, այդ վավերապայմանները չեն պահպանվել, սահմանված չէ, թե ում է վերաբերում իրավական ակտը, սակայն պարետի կայացրած որոշումը գործադրվում է որպես նորմատիվ իրավական ակտ։ Հետևաբար այս որոշումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին, քանի որ որոշումը չի համապատասխանում օրենքով սահմանված վավերապայմաններին։ Այս վավերապայմանների պահպանումը կարևոր է այնքանով, որ քաղաքացին իմանա, թե այդ որոշումը իրեն էլ է վերաբերելի, թե ոչ։

Այս դիմումով վիճարկվում է նաև պարետի 6.1 կետը, որը սահմանում է, որ անձը տեղաշարժվելիս պարտադիր պետք է կրի անձը հաստատող փաստաթուղթ։ Դիմումատուի գնահատմամբ այդ կետը հակասում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  8-րդ հոդվածին։ Այսինքն՝ նշվում է, որ տվյալ սահմանափակումը կարող է կիրառվել միայն Կառավարության որոշմամբ, պարետի որոշմամբ նման սահմանափակում չի կարող մտցվել, քանի որ դա վերաբերում է անձի հիմնական իրավունքներին:

Բացի այդ այս որոշումը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  8-րդ հոդվածին, որը վերաբերում է համաչափության սկզբունքին: Այսինքն՝ եթե օրինական նպատակ է հռչակվում վարակի տարածումը և կանխարգելումը, ապա անձը հաստատող փաստաթղթի առկայությունը կամ բացակայությունը ոչ մի կերպ չի նպաստում վարակի տարածման կանխարգելմանը: Փաստորեն, հռչակված օրինական նպատակը գործադրված միջոցի հետ որևէ առնչություն չունի:

Հաշվի առնելով վերոգրյալը և առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 193-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիմողը Վարչական դատարանին խնդրում է.

1) «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, ինչպես նաև 8.1-ին կետը (ՀՀ կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 729-Ն որոշմամբ ընդունված խմբագրությամբ) ճանաչել անվավեր.

 2)  պարետի 2020թ. մայիսի 3-ի N 63 որոշման 6-րդ կետը (պարետի 2020 թվականի հունիսի 3-ի N 110-ն որոշմամբ ընդունված խմբագրությամբ) և որոշման 6.1-ին կետը (պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139-ն որոշմամբ ընդունված խմբագրությամբ) ճանաչել անվավեր։      

Վարչական դատարանն ընդունել Է Դիանա Գրիգորյանի դիմումը. այն ընթացքի մեջ է: