Path of Law

NGO

Ռուբեն Մելիքյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հավաքների բացարձակ արգելքը արտակարգ ռեժիմի ժամանակ

2020 թվականի հունիսի 12-ին իրավունքի ուժով գումարվել էր Ազգային ժողովի հատուկ նիստ, ըստ որի՝ պետք է քննարկվեր Կառավարության 2020 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 933-Ն որոշումը։
Նույն օրը  «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մելիքյանն Ազգային ժողովի դիմաց իրականացրել է միայնակ ակցիա՝ ուղղված ԱԺ բոլոր պատգամավորներին` քաղաքացուն խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով, որին հընթացս միացել են նաև մի խումբ անձինք։

ՀՀ ոստիկանության ներկայացուցչի՝ հավաքը դադարեցնելու պահանջը չկատարելու համար Ռուբեն Մելիքյանին ձերբակալել են և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 3 ժամ ազատությունից զրկելուց հետո ազատ արձակել։
Այնուհետև Ռուբեն Մելիքյանն իր ներկայացուցչի միջոցով (այսուհետ նաև՝ Դիմումատու) դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելու «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 16-րդ կետը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

Ռուբեն Մելիքյանը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 16-րդ կետը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին հետևյալ հիմնավորմամբ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով

հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր։

Օրինական նպատակին հասնելու համար ընտրված միջոցը` հավաքների բացարձակ արգելքը, պիտանի չէ, քանի որ դրանով հնարավոր չէ հասնել համաճարակի տարածման կանխարգելման, հատկապես որ հավաքների ազատության բացարձակ արգելքի պայմաններում համաճարակի տարածումը որևէ կերպ հնարավոր չի եղել կանխարգելել:

Ժողովրդավարական հասարակությունում  բարձր սահմանադրական արժեք ունեցող այս ազատության շարունակական և առավել ինտենսիվ սահմանափակումը, որն ուղեկցվում է ՀՀ ոստիկանության կողմից ֆիզիակական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով, այլևս ակնհայտորեն չի նպաստել հանրային առողջության ապահովմանը:

Ավելին` ոստիկանությունը խաղաղ հավաքները հանդուրժելու իր պարտականության փոխարեն, դրանք դադարեցնելուն ուղղված հարկադրական գործողություններ կատարելով, շատ ավելի մեծ վտանգ է առաջացնում հանրային առողջության համար, քանի որ զուգորդվում է ֆիզիկական սերտ շփմամբ հավաքների մասնակիցների և միմյանց հետ, որի արդյունքում` անկախ պաշտպանիչ միջոցների կիրառումից, ամբողջությամբ խախտվում է սոցիալական հեռավորության պահանջը և կտրուկ ավելանում է վարակվելու հավանականությունը: Հետևաբար, հավաքների ազատության բացարձակ արգելքը շատ ավելի քիչ պիտանի միջոց է համաճարակի հետագա տարածումը կանխելու և հանրային առողջությունը պահպանելու համար, քան հավաքների անցկացումը սոցիալական հեռավորության պահպանմամբ և պաշտպանիչ միջոցների գործադրմամբ:

Այսպես, «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը»: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 5 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող այնպիսի միջոցառումները, ինչպիսիք են համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և  սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,  ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, պարետի որոշմամբ որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ։ Համեմատական վերլուծության ենթարկելով վիճարկվող դրույթը նշված իրավանորմի հետ՝ արձանագրում ենք, որ Կառավարության նույն որոշմամբ որոշակի քանակի սահմաններում հանրային միջոցառումների թույլատրելիությունը փաստում է, որ հավաքներն իսպառ արգելելու փոխարեն գոյություն ունեն դրված նպատակին հասնելու ավելի մեղմ միջոցներ՝ անձանց որոշակի քանակի սահմաններում հավաքների անցկացումը և դրանց մասնակցելը։

Բացի այդ, հանրային բաց տարածքներում մարդկային կուտակումները, շփումները սահմանափակող որևէ իրավանորմ գոյություն չունի՝ բացառությամբ դիմակ կրելու պահանջի։ Այս համատեքստում ստացվում է, որ արգելք սահմանված է միայն այն դեպքում,  երբ անձի ժամանակավոր ներկայությունը որևէ վայրում հետապնդում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրություն, մինչդեռ ժողովրդավարական պետությունում հավաքների ազատության արժեքն ավելի բարձր է, քան հավաք չհանդիսացող այլ միջոցառումների իրավունքը: Հետևաբար, եթե անհրաժեշտ էր նախապատվություն տալ դրանցից որևէ մեկին, ապա նախապատվություն պետք է տրվեր հավաքներին, այլ ոչ թե այլ միջոցառումներին, ինչպես որ դա արել է ՀՀ կառավարությունը։

Ուշագրավ է, որ հավաք անցկացնելու բացարձակ արգելքը գործադրվում է այն դեպքերում, երբ անձանց ժամանակավոր ներկայությունը որևէ վայրում հետապնդում է հանրային հետաքրքրություն ներկայացնող, առավելապես ոչ իշխանահաճո կամ քաղաքական քննադատական հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրություն, իսկ այլ դեպքերում անցկացված հավաքը հանդուրժվում է։ Մասնավորապես, սույն թվականի հուլիսի 7-ին «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները, ի դեմս նախաձեռնության ղեկավար, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի, բազմամարդ հավաք էին կազմակերպել նախագահական նստավայրի առջև՝ կոչ անելով հանրապետության նախագահին օր առաջ հայտարարել ՍԴ դատավորի թեկնածուների ընտրության գործընթացի մեկնարկի մասին։ Այսինքն՝ մի դեպքում, երբ Ռուբեն Մելիքյանն ինքնաբուխ միայնակ ակցիա էր իրականացրել ԱԺ շենքի առջև, ոստիկանությունը կոպիտ միջամտություն էր ցուցաբերել, իսկ մյուս դեպքում, երբ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները բազմամարդ հավաք էին կազմակերպել նախագահական նստավայրի առջև, ոստիկանությունը ձեռնպահ էր մնացել որևէ միջամտությունից։ Այսպիսով, անցկացված այլ հավաքների հանդուրժումն ինքնին փաստում է, որ հավաքներ անցկացնելու բացարձակ արգելքը անհրաժեշտ չէ։
12.08.2020 թ-ին Կառավարությունը օրակարգ է բերել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, ըստ որի՝ հավաքների բացարձակ արգելքը փոխարինվելու է ավելի մեղմ միջոցներով, թեև ինքնին չի վերացվում հավաքների անցկացման արգելքը։ Այնուամենայնիվ, նշված փոփոխությունը հիմնավորում է, որ հանրային առողջության պահպանման նպատակին հասնելու համար գոյություն ունեն ավելի մեղմ միջոցներ, քան հավաքներ անցկացնելու բացարձակ արգելքը։

Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն` արտակարգ դրության ժամանակ մի շարք հիմնական իրավունքներ և ազատություններ, այդ թվում` հավաքների ազատությունը, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը: Այսինքն՝ հավաքների ազատությունը կարող է առավելագույն սահմանափակումների ենթարկվել միայն այն դեպքում, եթե դա է պահանջում իրավիճակը: Եթե իրավիճակն այնպիսին է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի տարածման տեմպերով տարածաշրջանային «առաջատարն է», ապա ակնհայտ է, որ այդ արգելքն առնվազն այլևս չի բխում իրավիճակից:

Դիմումատուն գտնում է, որ պայմաններ առաջադրելու և դրանց կատարումը վերահսկելու դեպքում էապես ավելի մեղմ միջամտություն է իրականացվելու հավաքների ազատությանը, քան դրանց բացարձակ արգելքի դեպքում, ընդ որում, բացարձակ արգելքի դեպքում այն պահպանելու համար անհրաժեշտ են շատ ավելի մեծ ջանքեր, իսկ իրավիճակի հնարավոր էսկալացիայի դեպքում հանրային առողջության համար վտանգն էապես ավելի է մեծանում, քանի որ, ինչպես արդեն նշվել է, հավաքների բացարձակ արգելքը պահպանելու համար ոստիկանության ծառայողները պետք է կիրառեն ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, սերտ ֆիզիկական շփումների մեջ մտնեն հավաքի մասնակիցների հետ` խախտելով սոցիալական հեռավորությունը և ակամա պայմաններ ստեղծելով՝ այն հավաքի մասնակիցների կողմից խախտելու համար:

Ըստ Դիմումատուի՝ հավաքների ազատության բացարձակ արգելքի նախընտրությամբ Կառավարությունը խախտել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ըստ որոնց` հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Վերոգրյալի հիման վրա Դիմումատուն գտնում է, որ հավաքների իսպառ արգելումն անհրաժեշտ չէ, քանի որ գոյություն ունեն հռչակված նպատակին հասնելու համար ավելի մեղմ միջոցներ. հավաքների անցկացումը և դրանց մասնակցելը համաճարակի տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների պահպանմամբ՝ մասնակիցների քանակի սահմանափակում, ֆիզիկական հեռավորության պահպանում, դիմակի կրում և այլն։
Ռուբեն Մելիքյանը ձերբակալվել, ոստիկանություն բերվել, ինչպես նաև այնտեղ երեք ժամ պահվել է հավաքը դադարեցնելու՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցչի պահանջը չկատարելու համար, իսկ նման պահանջի իրավական հիմքը Կառավարության որոշման հավելվածում ամրագրված՝ հավաքների բացարձակ արգելքն է: Այսինքն՝ Ռուբեն Մելիքյանի նկատմամբ անմիջականորեն կիրառվել է Կառավարության որոշումը (նորմատիվ իրավական ակտը), ինչը նշանակում է, որ Կառավարության որոշումը ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ է Ռուբեն Մելիքյանի հիմնական իրավունքների խախտման հետ, որի հիման վրա վերջինս դիմել է Վարչական դատարան։

Դիմումատուն համարում է, որ վերոգրյալի արդյունքում խախտվել են իր՝ Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը (44-րդ հոդվածի 1-ին մաս), իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը (42-րդ հոդվածի 1-ին մաս), ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը (25-րդ հոդված), անձնական ազատության իրավունքը (27-րդ հոդված) և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (26-րդ հոդված):

Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք»։

Սակայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի որոշակի դրույթի կիրառումից բխող՝ ոստիկանության ներկայացուցիչների գործողություններով Ռուբեն Մելիքյանը ոչ միայն զրկվել է Սահմանադրությամբ երաշխավորված վերոնշյալ հնարավորություններից, այլև ենթարկվել է ֆիզիկական ներգործության և ոչ այլ իրավաչափ սահմանափակումների:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դիմումատուն գտնում է, որ Կառավարության որոշման հավելվածով նախատեսված՝ հավաքների բացարձակ արգելքը համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին  և առաջնորդվելով ՀՀ վարչական դատարավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու 193-րդ հոդվածի 1-ին մասով՝ խնդրել է Վարչական դատարանին՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 16-րդ կետը ճանաչել անվավեր։
Վարչական դատարանն ընդունել է Ռուբեն Մելիքյանի կողմից ներկայացված դիմումը. այն ընթացքի մեջ է։