Path of Law

NGO

«Իրավական ուղի»-ն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում հարգելի պատճառներով դիմակ չդնող անձանց

Հունիսի 1-ին «Իրավական ուղի»-ն հայտարարություն էր տարածել տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների հետ երթևեկելիս դիմակ դնելու անտրամաբանական պահանջի առթիվ (ՀՀ պարետի թիվ 92 որոշում)՝ պատրաստակամություն հայտնելով անվճար իրավաբանական օգնություն տրամադրել նշված իրավիճակում դիմակ չդնելու հետևանքով տուգանված քաղաքացիներին։

Տեղեկացնում ենք, որ հունիսի 1-ից մինչ օրս մեզ է դիմել մոտ 30 քաղաքացի, որոնց տրամադրվել է անվճար իրավաբանական օգնություն (խորհրդատվություն, հայցադիմումի պատրաստում)։ Դիմողների մի մասի շահերը մեր փաստաբանները կներկայացնեն դատարանում։

Միաժամանակ հայտնում ենք, որ բացօթյա տարածքներում դիմակ չդնելու կամ ոչ պատշաճ ձևով դնելու հետևանքով տուգանված, սակայն հարգելի պատճառներ ունեցող քաղաքացիները ևս այսուհետ կարող են դիմել մեզ՝ անվճար իրավաբանական օգնություն ստանալու, ներառյալ՝ վարչական ակտերը (տուգանքները) բողոքարկելու համար։

Նշված հարցով քաղաքացիներին օգնելու նպատակով երիտասարդ իրավաբաններին հրավիրում ենք կամավորական հիմունքներով համագործակցության։

Մեզ կարող եք դիմել (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ info@pathoflaw.org էլ. փոստով։

«Իրավական ուղին» նաև կոչ է անում խստորեն պահպանել համավարակի հաղթահարմանն ուղղված բոլոր ողջամիտ պահանջներն ու սահմանափակումները։