ԱԱԾ շենքի դիմացից ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը
14.06.2020Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշված վայրում իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման դիտարկում: Վերջինս հավաքի մասնակիցներին իրավական պարզաբանումներ է տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ: Դրան հաջորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ապօրինի ձերբակալումը, որի արդյունքում վերջինիս պատճառվել են վնասվածքներ:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնց նպատակը Հայաստանում Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի իրացումը դադարեցնելն է, իսկ իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակումներին ենթարկված անձանց իրավական պաշտպանությունից զրկելն է:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին:
Միաժամանակ, կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, հատկապես Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, ԵՄ անդամ պետությունների դեսպանություններին, ԱՄՆ դեսպանությանը հավատարիմ մնալ իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ապահովման իրենց հրապարակային հանձնառությանը և համարժեքորեն արձագանքել թույլ տրված խախտումներին: