Հավաքների ազատության իրավունքը քաղաքացիներին վերադարձնելու մասին խնդրագիր
15.05.2020Մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով, ի թիվս այլոց, սահմանվել է հավաքների ազատության արգելք։ Այդ արգելքը պահպանվել է նաև կառավարության ապրիլի 13-ի և մայիսի 14-ի որոշումներով։
Այսինքն՝ մարդու հիմնարար քաղաքական իրավունքներից մեկն արդեն 60 օր շարունակ գտնվում է ամբողջական արգելանքի ներքո, և այդ վիճակը շարունակվելու է ևս առնվազն 30 օր։
Եթե սկզբնական շրջանում այդ արգելքը կարող էր ընկալվել որպես անհրաժեշտ և համաչափ, ապա այսօր այդ ընկալումն արդեն գոյություն չունի հետևյալ պատճառներով.
1) ի սկզբանե կիրառված շատ այլ կոշտ սահմանափակումներ արդեն վերափոխվել են ճկուն գործիքների, երբ իրավունքի իրականացման հնարավորությունը ոչ թե արգելափակվում է, այլ պայմանավորվում կանխարգելիչ միջոցառումներով (սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների կրում և այլն)։
2) իշխող քաղաքական ուժը շարունակաբար ստեղծում է հանրային դժգոհության առիթ տվող իրավիճակներ (զգայուն հարցերով, առանց պատշաճ քննարկման, հապճեպորեն ընդունում է խիստ վիճելի իրավական ակտեր, նախաձեռնում է կասկածելի քրեական հետապնդումներ)՝ միաժամանակ քաղաքացիներին արգելելով հավաքների կազմակերպմամբ սահմանադրական ճանապարհով բողոքել ապօրինությունների դեմ։ Այդպիսով՝ իշխող քաղաքական ուժը հավաքների արգելքն օգտագործում է հակաիրավական նպատակով։
Նշվածի հիման վրա ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ կոչ ենք անում օգտվել ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով իրենց վերապահված լիազորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հավաքների ազատության արգելքն այսուհետ ճանաչել Սահմանադրության 76-րդ (սահմանափակումները՝ «միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը» պայման) և 77-րդ («համաչափության սկզբունք») հոդվածներին հակասող ու անվավեր։
Սույն խնդրագիրը բաց է հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների կողմից միանալու համար։