Path of Law

NGO

Անձի նվաստացման և խոշտանգման մասին հայտարարություն

Նոյեմբերի 21-ի երեկոյան համացանցում տարածվել է տեսագրություն, որում
պատկերված է չորս ենթադրաբար ոստիկանների կողմից ոստիկանության վարչական
շենքում մի քաղաքացու նվաստացման և խոշտանգման միջադեպ՝ ենթադրաբար
ցուցմունք կորզելու նպատակով։

Խստորեն դատապարտելով միջադեպը՝ իրավապահ մարմիններից պահանջում ենք
ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու հանցագործությունը
կատարողների և տուժողի ինքնությունը, հանցագործության հանգամանքները (այդ
թվում՝ ժամանակը և պատճառները), ապահովել խոշտանգողների քրեական
հետապնդումը և տուժողի իրավունքների վերականգնումը։

Միևնույն ժամանակ, քրեական դատավարության ոլորտում պետական քաղաքականության
մշակման պատասխանատուներին կոչ ենք անում կենսագործել նման միջադեպերի
կանխարգելման պատշաճ օրենսդրական երաշխիքներ, մանավորապես՝

1)      Ապահովել հանցագործության մեջ կասկածվող անձանց «ոստիկանություն
հրավիրելու» և բերման ենթարկելու իրավական ռեժիմների հավասարեցումը
ձերբակալման իրավական ռեժիմին։

2)      Սահմանել ձերբակալվածի կողմից պաշտպանից հրաժարվելը բացառապես
փաստաբանի ներկայությամբ թույլատրելի լինելու իմպերատիվ պահանջ։

3)      Վերը նշված կարգավորումը արդյունավետ իրագործելու նպատակով
ապահովել հանրային պաշտպանների բավարար թվաքանակ։