Path of Law

NGO

Հայտարարություն Մեռելոցի օրվա պատշաճ ծիսակատարության և մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ

Ո՞ՐՆ Է ԽՆԴԻՐԸ

Երկար տարիներ շարունակ մեր քաղաքացիների մոտ ձևավորվել էր ակնկալիք, որ Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող օրերին նրանց տրվելու է հնարավորություն այցելելու գերեզմաններ՝ Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի շրջանակում համապատասխան արարողություն իրականացնելու նպատակով։ [Առանձին քննարկման հարց է՝ աշխատանքային օրը տեղափոխելու գործիքը լավագույնն էր, թե ոչ]:

Այժմ այդպիսի մտադրություն ունեցող և միաժամանակ նորմավորված աշխատանք կատարող քաղաքացիներին գործադիրը փաստացի զրկում է այդ հնարավորությունից։ Ընդ որում, դա կատարվում է ողջամիտ կանխատեսելիությունից դուրս. մեկ-երկու շաբաթ առաջ մարդիկ դեռ չգիտեին՝ լինելու է աշխատանքային օրվա տեղափոխում, թե ոչ։

Վստահ ենք՝ ինչ-որ լուծում պետք է տրվի՝ հավասարակշռելու քաղաքացիների աշխատանքային պարտականությունները՝ մի կողմից, և խղճի ու դավանանքի ազատությունը՝ մյուս կողմից։

Ո՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄԸ

Հիմնարար լուծումը, կարծում ենք, պետք է օրենսդրական լինի։ Աշխատանքային օրենսգրքում անհրաժեշտ է լրացում կատարել՝ սահմանելով քաղաքացիների իրավունքը՝ տարեկան որոշակի քանակի օրեր (օրինակ՝ առավելագույնը 3 կամ 5 օր) ստանալու արձակուրդ՝ դավանանքի հիմքով։ Հնարավոր է տարբերակ, որ արձակուրդը հաշվվի աշխատանքային ժամերով (օրինակ՝ յուրաքանչյուր դեպքում 4 աշխատանքային ժամ)։ Ընդ որում, այս իրավունքը պետք է հնարավոր լինի իրացնել բացառապես նախօրոք՝ ողջամիտ ժամկետում գործատուին իրազեկելու պայմանով։

Քանի դեռ օրենսդրական լուծումը բացակայում է, մենք իրավաչափ կհամարեինք, որ ՀԱԵ քրիստոնեական դավանանքի հիմքով գերեզմաններ այցելելու ցանկություն ունեցող քաղաքացիները նախապես համապատասխան դիմում ներկայացնեին իրենց գործատուներին՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածը, և խնդրելով մի քանի ժամ իրենց բացակայությունը համարել հարգելի՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով այդ ժամերը գործատուի հայեցողությամբ լրացնելու ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին։

[Հատուկ վերապահում. խոսքը չի վերաբերում զինվորական ծառայություն կամ հատուկ ծառայություն իրականացնող աշխատողներին]:

Եթե նշված պայմանները կատարվեն, բայց քաղաքացիները ենթարկվեն կարգապահական պատասխանատվության, մեր կազմակերպությունը պատրաստ է ռազմավարական դատավարության ձևով հարցը հետևողականորեն բարձրացնել դատական իշխանության բոլոր ատյանների առջև։