Հայտարարություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նոր կարգի վերաբերյալ
12.07.2019Հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Օրենքի նախագիծ), որը չի համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին և չափանիշներին։ Այսպես`
1․ Օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և անգամ չի հրապարակվել www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ինչը բացահայտորեն հակադիր է հաշվետվողականության, թափանցիկության և մասնակցայնության սկզբունքներին։ Օրենքի նախագծի շուտափույթ և առանց հանրային լայն քննարկման ընդունումը, ըստ ամենայնի, պայմանավորված է նախագծի որակով․ հանրային քննարկում կազմակերպելու դեպքում այն ոչ միայն չէր դիմանա մասնագիտական քննադատությանը, այլև ի հայտ կգար հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում իշխող քաղաքական ուժի ակնառու նահանջը։
2․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը վերացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) թեկնածուների ընտրության մրցութային կարգը։ Նախկինում ընդունված կարգավորումները մրցույթի անցկացումը և դրա հիման վրա ամենաարժանավոր թեկնածուների առաջադրումը վերապահում էին իշխող քաղաքական ուժից անկախ մրցութային խորհրդին։ Մինչդեռ, առաջարկվող կարգավորմամբ Հանձնաժողովի մեծամասնությունն, այդ թվում՝ նախագահը, առանց մրցութային ընթացակարգի, ուղիղ առաջադրվելու են իշխող քաղաքական ուժի կողմից (ի դեմս կառավարության և Ազգային ժողովի կառավարող խմբակցության)՝ Հանձնաժողովի «անկախությունը» վերածելով պատրանքի:
3․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը էապես մեղմացրել է Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Այսպիսով, հիմքեր կան ենթադրելու, որ իշխող քաղաքական ուժը ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև դատավորների վեթինգի լրջագույն գործառույթը վերապահել անփորձ և հետագիծ չունեցող անձանց։
4․ Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը Հանձնաժողովից վերցրել և ինքն իրեն է փոխանցել «անկախ» Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրավասությունը։ Այսպիսով, իշխող քաղաքական ուժն իր իսկ համար երաշխիքներ է սահմանել, որ Հանձնաժողովը կառավարելի լինի ոչ միայն կազմավորման փուլում, այլև գործունեության ողջ ընթացքում։
5․ Առաջարկվող փոփոխություններով ամբողջովին վերահսկելի, ոչ պրոֆեսիոնալ «անկախ» Հանձնաժողովին վերապահվել են նոր՝ քաղաքական բնույթի գործառույթներ։ Մասնավորապես՝ (ա) մասնակցություն պետական պաշտոններում (այդ թվում՝ դատավորի պաշտոնում) նշանակման գործընթացում, (բ) մասնակցություն պետական պաշտոններից (այդ թվում՝ դատավորի պաշտոնից) հեռացնելու գործընթացում։ Ընդ որում, այդ մասնակցության ձևաչափը բացարձակ հայեցողական է և ոչ ստուգելի։ Այսպիսով, իշխող քաղաքական ուժը մի կողմից հնարավորություն է ստանում ամբողջովին վերահսկելի մարմնի միջոցով վերահսկելի դարձնել ողջ պետական համակարգը, այդ թվում՝ անկախ մարմինները, մյուս կողմից, իշխող քաղաքական ուժն իրեն հավատարիմ պաշտոնյաններին «ապահովագրում» է կոռուպցիոն բացահայտումներից։
Կոչ ենք անում բոլոր պատասխանատու մարմիններին և պաշտոնատար անձանց զերծ մնալ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերը ներկայացված ակնհայտ հետքայլից։