Path of Law

NGO

«Իրավական ուղի» և «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ների համատեղ հայտարարությունը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը միանում է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ս․թ․ հունիսի 29-ի հայտարարությանը։ Ի հավելումն այդ հայտարարությամբ բարձրաձայնված նկատառումների՝ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել նաև հետևյալ հանգամանքներին․

1) Մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ նման ինտենսիվության միջամտություն ամրագրող օրինագիծը, դեռևս հայեցակարգի մշակման փուլում պետք է դրվեր լայն հանրային քննարկման՝ ի թիվս այլ պատճառների, քաղաքացիական հասարակության կառույցներին հնարավորություն տալու համար հանրությանը ներկայացնելու գոյություն ունեցող և իշխող քաղաքական ուժի կողմից որևէ կերպ չբարձրաձայնվող ռիսկերն ու վտանգները։ Մինչդեռ նման հնարավորություն քաղաքացիական հասարակությանը չի տրվել, իսկ հետագա քննարկումները նախարարությունը փաստացի պատրաստվում է սկսել ոչ թափանցիկ գործընթացի արդյունքում ձեռք բերվելիք «հաղթաթղթերով»՝ մի շարք միջազգային կազմակերպությունների կարծիքներով։

2) Միջազգային չափորոշիչներից զատ՝ նշված նախագծի հիմքում ընկած հայեցակարգային մոտեցումները հարկ է լայնորեն քննարկել նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կառուցակարգերի և սահմանափակումների դիտանկյունից։ Միջազգային փորձաքննությունն իրավասու չէ հուսալի գնահատական տալու որևէ նախագծի՝ ՀՀ-ում տարիների ընթացքում ձևավորված սահմանադրականության ազգային չափորոշիչներին համապատասխանության վերաբերյալ։

Մեր հասարակական կազմակերպությունը նույնպես ներկայացված խնդիրները բարձրաձայնելու է միջազգային իրավասու կառույցների առջև։