Path of Law

NGO

#Ես_իրավունքի_դեսպան_եմ նախաձեռնություն

2019 թ-ի հուլիսի 16-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվել են քննչական գործողություններ, և այդ հանգամանքը ստացել է մեծ հանրային հնչեղություն՝ պայմանավորված մեկ այլ քրեական գործով նույն դատավորի կայացրած ոչ իշխանահաճո դատական ակտի հետ։

Դատավորի աշխատասենյակում կատարվել են ինչպես օրենքով նախատեսված, այնպես էլ չնախատեսված քրեադատավարական գործողություններ (համակարգչի կոշտ կրիչի առգրավում, խուզարկություն՝ օրենքով նախատեսված, աշխատասենյակի մուտքի դռան կնիքում՝ օրենքով չնախատեսված): Այդ գործողությունները կատարվել են դատավորի կողմից փաստաթուղթ կեղծելու ենթադրյալ փաստի առթիվ քննվող մի քրեական գործով։ Ընդ որում, նույն փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել էր 2019 թ․ փետրվարին, մերժումը հաստատվել էր դատախազի և դատարանի կողմից, իսկ դատավոր Գրիգորյանի կողմից հայտնի քրեական գործով ոչ իշխանահաճո որոշում կայացնելուց մի քանի օր անց՝ մայիսի 22-ին, դիմողը «առավել հիմնավոր փաստարկներ» է ներկայացրել Գլխավոր դատախազություն (!), և դրանց հիման վրա քրեական գործը հարուցվել է։

Քրեական գործի հարուցումն ինքնին խնդրահարույց էր, քանի որ անհնար է չնկատել պատճառական կապը դատավոր Գրիգորյանի ոչ իշխանահաճո որոշման և դրան անմիջապես հաջորդած քրեական գործի հարուցման միջև։

Այդ պատճառական կապը է՛լ ավելի հստակ է, եթե հաշվի են առնվում դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների ժամանակ թույլ տրված քրեադատավարական և սահմանադրաիրավական կոպիտ խախտումները։ Մասնավորապես՝

1) Քննիչը, նախ, կայացրել է դատավորի համակարգչի կոշտ կրիչն առգրավելու մասին որոշում և ներկայացել է դատարան՝ իր որոշումը կատարելու՝ այդ մասին նախապես իրազեկելով Բարձրագույն դատական խորհրդին, սակայն իր աշխատասենյակում գտնվող դատավորին թույլ չի տվել մասնակցել իր իսկ համակարգչից առգրավում կատարելու քննչական գործողությանը։ Դա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 227 և 228 հոդվածների կոպիտ խախտում է, քանի որ առգրավման առարկան տնօրինող անձին պետք է հնարավորություն տրվի կամովին հանձնելու այն։ Լուրջ խնդիր է նաև այն, թե արդյոք տվյալ քրեական գործով պարզման ենթակա տվյալները ողջամտորեն կարող էին հայտնաբերվել դատավորի աշխատանքային համակարգչից, թե դա միայն պատրվակ էր դատավորի համակարգչում առկա տեղեկատվությանը հասանելիություն ապահովելու համար։ Դատավորին զրկելով մասնակցել քննչական գործողությանը՝ քննիչը նաև զրկել է դատավորին Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված երաշխիքից, այն է՝ «Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում ․․․ դատախազը քննչական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին և համապատասխան դատավորին»:

2) Առգրավումը «բարեհաջող» ավարտելուց հետո քննիչի մոտ անհասկանալիորեն և անբացատրելիորեն առաջանում է դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում խուզարկություն իրականացնելու մտադրություն։ Դրա տրամաբանությունն անհասկանալի է, քանի որ քննիչն արդեն իսկ վերցրել էր իր որոշմամբ նշված առարկան։ Ավելին՝ օրենքից չբխող և անտրամաբանական այդ մտադրությունն իրականացնելու համար քննիչը կնիքում է դատավորի աշխատասենյակի դուռը և հանձնարարում ոստիկանին ապահովել աշխատասենյակ որևէ անձի մուտքի բացառումը մինչև խուզարկության դատական թույլտվության ստացումը։ Դատավորի աշխատասենյակի դուռը կնիքելու լիազորություն քննիչը որևէ օրենքով չունի, ուստի կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, համաձայն որի՝ պաշտոնատար անձը կարող է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենքով։ Օրենքի ակնհայտ խախտումից զատ՝ հարկ է նկատել, որ այլ պետությունների փորձը թույլատրելի է համարում նման միջոցների ձեռնարկումը միայն հանցանքի վայրի (դեպքի վայրի) պարագայում։ Փաստորեն, քննիչը համարել է, որ դատավորի աշխատասենյակը հանցագործության կատարման վայր է։

3) Խուզարկության միջնորդության հիմնավորումը եղել է այնպիսին, որ նույն հիմնավորմամբ հնարավոր է յուրաքանչյուր քաղաքացու բնակարանը կամ աշխատասենյակը խուզարկել։ Բացի այդ՝ քննիչը միջնորդել է թույլատրել խուզարկությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել ոչ թե կոնկրետ առարկա, այլ անորոշ շրջանակի առարկաներ («քրեական օրենսգրքով արգելված իրեր և առարկաներ»)։ Նման միջնորդությունը անհեռանկար կլիներ ցանկացած քաղաքացու նկատմամբ, սակայն տվյալ գործով դատարանի կողմից բավարարվել է «քրեական գործով նշանակություն ունեցող իրեր և առարկաներ հայտնաբերելու համար»։ Դատարանի որոշումից չի երևում, որ իրականացվել է առկա իրավաչափ շահերի ողջամիտ հավասարակշռում։ Հակառակը՝ դատարանի բերած պատճառաբանությունը՝ «բոլոր հանցանքները բացահայտելու պարտականությունը», կարող է կիրառելի լինել բոլոր հնարավոր և անհնարին դեպքերում, և անհասկանալի է՝ ինչ պետք է լիներ, որ դատարանը մերժեր քննիչի միջնորդությունը։ Այլ կերպ՝ այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ էր այնուհանդերձ փնտրում քննիչն իր վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում։

4) Դատավորի և նրա օգնականի աշխատասենյակի խուզարկության ապօրինի որոշման հիման վրա քննիչը վերադարձել է դատարանի շենք և ձեռնամուխ եղել խուզարկության իրականացմանը։ Այս անգամ դատավոր Գրիգորյանը մասնակից դարձվել է խուզարկությանը, սակայն քննիչը գրավոր մերժել է խուզարկությանը ներգրավել դատավոր Գրիգորյանի փաստաբանին՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքները։ Առհասարակ, մեր իրավական համակարգը վաղուց հաղթահարել էր փաստաբանի գործունեության նկատմամբ նման կարծր և ապօրինի խոչընդոտները, և հիմա դրանք կրկին վերադառնում են։

5) Քննիչը խուզարկության պարագայում ևս դատավորին զրկել է Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված երաշխիքից, այն է՝ մեկ օր առաջ քննչական գործողության մասին իրազեկվելու իրավունքից։ Դա կարելի է մեկնաբանել նաև, որ քննիչը դատավորին չի համարել «Քրեական հետապնդման մեջ չգտնվող», քանի որ նշված երաշխիքը վերաբերում է միայն Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորներին։

6) Խուզարկությունը կատարվել է ոչ միայն դատարանի թույլատրած տարածքում՝ դատավորի աշխատասենյակում և դատավորի օգնականի աշխատասենյակում, այլ նաև դատավորի գործավարի աշխատասենյակում։

7) Խուզարկության արդյունքում վերցվել են էլեկտրոնային կրիչներ, որոնց կապը քննիչի վարույթում գտնվող գործի հետ որևէ կերպ չի հիմնավորվել։ Ավելին՝ այդպիսի կրիչների մի մասը վերաբերել են բոլորովին այլ գործի, և քննիչը, համոզվելով դրանում, այնուհանդերձ առգրավել է այդ կրիչները՝ դուրս գալով խուզարկության մասին դատարանի թեկուզ ապօրինի, բայց, այնուհանդերձ, որոշ սահմանափակումներ դնող որոշման շրջանակից։

8) ՀՀ նախադեպային իրավունքն իրավաչափ չի համարում դատավորի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելը՝ շրջանցելով Դատական իշխանության անկախության երաշխավոր մարմնի ընթացակարգերը (քրեական հետապնդման սկսելու թույլտվություն և այլն)։ Եթե այդ նախադեպը հաստատած գործով («Լևիկ Պողոսյանի» նախադեպ, 2011թ․ դեկտեմբերի 22) ընդամենը եղել էր քրեական գործի հարուցում՝ դատավորի անվան մատնանշմամբ, ապա տվյալ դեպքում առգրավվել է դատավորի համակարգիչը, խուզարկվել է նրա աշխատասենյակը, վերցվել են բազմաթիվ էլեկտրոնային կրիչներ, ինչն ակնհայտորեն վկայում է դատավորի նկատմամբ փաստացի կասկածի առկայության մասին։ Ի դեպ, քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նույնպես առկա է ձևակերպում, թե իբր դատավոր Գրիգորյանը «կատարել է պաշտոնական կեղծիք»։ Նման ապօրինությունները կարող են բացառությունից վերածվել կանոնի, եթե հանրությանը չհաջողվի ձևավորվել դրանց մերժման հաստատակամություն։ Այդ նպատակով «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը 26․07․2019 թ-ին մեկնարկել  է #ես_իրավունքի_դեսպան_եմ  նախաձեռնությունը՝ դիմելով մեր պետության իրավական բնույթը արժևորող բոլոր ուժերին ու անհատներին և խնդրելով նշված հեշթեգով հանդես գալ դատավորին, իրավունքը և պետությունը պաշտպանելու իրենց հաստատակամությունն արտահայտող խոսքով։