Path of Law

NGO

Վարշավայում՝ մարդու իրավունքների հարցերին նվիրված ԵԱՀԿ ամենամյա համաժողովի վերաբերյալ

Իրավունքի գերակայությանն ու դատական իշխանությանը նվիրված աշխատանքային քննարկման շրջանակներում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դատական իշխանության անկախության սկզբունքի պահպանման հրամայականից։ Մասնավորապես, անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դատավորների առնչությամբ նոր լիազորություններ տրամադրելուն զուգահեռ հանձնաժողովի անկախության վերացման հարցին։

Ստորև ներկայացնում ենք Սիրանուշ Սահակյանի ելույթն ամբողջությամբ․

«Կցանկանայի անդրադառնալ դատական համակարգի անկախության նկատմամբ հարգանքի կարևորությանը գործադիրի կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության և ջանքերի համատեքստում։ Մենք կարծում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի անկախությունը միմյանց չեն բացառում։
Այնուամենայնիվ, նկատվում է գործադիր իշխանության կողմից հակակոռուպցիոն ինստիտուտներն ու ընթացակարգերը չարաշահելու միջոցով դատական իշխանությանը ենթարկեցնելու միտում։ Չնայած նրան, որ նոր հակակոռուպցիոն կարգավորումները հայ հասարակությանը ներկայացվում են որպես ժողովրդավարական և հանրային շահին ուղղված, դրանք քողարկված հարձակումներ են «անհնազանդ» դատավորների դեմ։

Արդարադատության նախարարությունը մոտ մեկ ամիս առաջ հրապարակել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագծով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են վերապահվում 2 լրացուցիչ լիազորություններ։ Դրանք են՝

1․ Դատավորների հնարավոր կոռուպցիոն վարքագծերի վերաբերյալ կոնֆիդենցիալ զեկույցի ներկայացման լիազորություն՝ առանց Հանձնաժողովի լիազորությունների վերաբերյալ որևէ հստակեցման, ինչպես նաև առանց չարաշահման դեմ ընթացակարգերի և երաշխիքների։

2․ Գույքի և եկամուտների հայտարարագրի ներկայացման խախտումերի պարագայում կարգապահական վարույթի հարուցման լիազորություն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների շրջանակն ընդլայնելով՝ Նախագիծը զգալի կերպով թուլացնում է դատական համակարգի անկախության մակարդակը։ Այսպես՝

1․ Չնայած նրան, որ քաղաքական ազդեցությունից խուսափելու նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքը (գործող) սահմանում է թեկնածուների առաջադրման հանրային և մրցութային ընթացակարգ, Կառավարությունը այս առաջադեմ դրույթների կենսագործումը «պահպանում» է հետագա առաջադրումների և նշանակումների համար՝ այժմ հենվելով «ուղղակի և վերահսկվող» նշանակումների վրա։ Նախագծով առաջարկվում է, որ Հանձնաժողովի առաջին կազմը բաղկացած կլինի Կառավարության, խմբակցությունների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրված թեկնածուներից՝ համապատասխանաբար 6, 4 և 3 տարի պաշտոնավարման ժամկետներով։ Միևնույն ժամանակ, թեկնածուները ներկայացվում են Ազգային Ժողով, որն էլ ձայների մեծամասնությամբ ընտրում է Հանձնաժողովի անդամներին։ Ազգային ժողովի քաղաքական այս կառուցվածքում ընդդիմության ձայնը որոշիչ չէ։ Մյուս կողմից, ձայների անհրաժեշտ մեծամասնությունն ունենալու համար իշխող քաղաքական խմբակցությունը կախված չէ ընդդիմության քվեից։ Հարկ է նաև նշել, որ Բարձրագույն դատական խորհրդում զանգվածային հրաժարականներից և խորհրդարանի կողմից նոր նշանակումներից հետո ԲԴԽ-ն գտնվում է իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո։

2․ Նախագիծը մեղմացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նկատմամբ պահանջները, մասնավորապես, աշխատանքային փորձին վերաբերող պահանջները։ Վերոնշյալ դրույթը ամրապնդում է ներկայիս իրավիճակը, այն է` հանրային կարևոր պաշտոններում մասնագիտական փորձ և ճանաչվածություն չունեցող անձանց նշանակելը, թուլացնում է ողջ Հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը՝ այն դարձնելով քաղաքական ճնշումների հանդեպ ավելի խոցելի։

3․ Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից և տրամաբանությունից։ Հանձնաժողովը դատավորների նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթներ և վարչական վարույթներ ենթադրյալ նույն խախտման հիմքով։ Սա կիրառելի է միայն դատավորների նկատմամբ և ոչ այլ հանրային պաշտոնյաների և ծառայողների նկատմամբ, ովքեր դատավորների հետ ունեն հայտարարագրերին վերաբերող հավասար պարտականությունները։ Գույքի և եկամուտների հայտարարագրման պարտականությունը ունիվերսալ պարտականություն է և բխում է հանրային պաշտոնյաների/ծառայողների ընդհանուր պարտականություններից (և ոչ դատավորների մասնագիտական գործունեությունից) և հետևաբար չի կարող առնչություն ունենալ դատավորների կարգապահական վարույթների հետ։ Նման կարգավորումն իր մեջ պարունակում է դատավորների նկատմամբ խտրականություն (ընդ որում, եթե նախարարը չի իրականացնում իր` հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը, նրա նկատմամբ կկիրառվի վարչական տույժ, իսկ դատավորի դեպքում դա կհանգեցնի նաև կարգապահական վարույթի հարուցմանը)։ Հատկանշական է, որ հայտարարագրերին առնչվող ցանկացած խախտում համարվում է լուրջ կարգապահական խախտում (որը դատավորի լիազորությունների դադարեցման միակ հիմքն է), մինչդեռ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, հայտարարագրերի ուշ ներկայացումը, ոչ պատշաճ ներկայացումը և թերի կամ սխալ տեղեկություններ պարունակող հայտարարագրի ներկայացումը հանգեցնում է միայն նախազգուշացման կամ սահմանված նվազագույն տույժերի։

Կոչ ենք անում բոլոր կողմերին դատապարտել դատավորներին, քաղաքական գործիչներին ստրկացնելու նպատակով հակակոռուպցիոն ինստիտուտների չարաշահումը և կոռուպցիայի դեմ պայքարի շահարկումը։
Կոչ ենք անում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին՝ ուշադիր հետևել զարգացումներին և դիտարկել նախագիծը՝ հաշվի առնելով Հայաստանի` ԵԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, Դատական անկախության վերաբերյալ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի Կիևյան հանձնարարականը»:

https://www.osce.org/odihr/432821?download=true