Հայտարարություն Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության վերաբերյալ
15.07.2019Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Մասնավորապես.
1) Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։
2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։
3) Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։
4) Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։
5) Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։
6) Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։
Արձանագրության՝ Հայաստանին վերաբերող հատվածի ամբողջական տեքստը հայերեն թարգմանությամբ` ստորև։ Անգլերեն բնագիրը՝ կից։
📌
«[Վենետիկի Հանձնաժողովի քարտուղար] Պարոն Մարկերտը հիշեցրեց, որ անցյալ տարի
Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն՝ Սահմանադրության դրույթների
պահպանմամբ: Այնուամենայնիվ, դատական իշխանությունը շատերի կողմից համարվել է
կոռումպացված և նախկին իշխանությանը մոտ կանգնած։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Պարոն վարչապետին ուղղված իր նամակում [Վենետիկի] Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաև պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին։
Հայաստանի իշխանությունների հրավերով Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։
Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ։ Իր նիստում [Վենետիկի Հանձնաժողովի] Ընդլայնված բյուրոն լիազորել է հրատապ կարծիքի մշակումը։
____________________________
[Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանը մինչև հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։
____________________________
Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015 թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Նրա հիմնական փաստարկն այն է, որ համաձայն նախկին խմբագրությամբ Սահմանադրության՝ վերոնշյալ դատավորներն ընտրվել են որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մինչդեռ Սահմանադրության նոր տեքստում նշված է Սահմանադրական դատարանի դատավորներ։ Այնուհանդերձ, փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ։
____________________________
[Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց [Հանձնաժողովի] Նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և նպատակահարմարության դեպքում հանդես գալ հրապարակային հայտարարությամբ»։