Path of Law

NGO

Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնը, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն ու «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը համատեղ ջանքեր են գործադրում ադրբեջանական գերությունից հայ զինվորների ազատ արձակումն ապահովելու համար

Ի պատասխան Ադրբեջանի կառավարության կողմից հայ ռազմագերիների և հայ քաղաքացիական անձանց անօրինական ազատազրկման՝ Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնը (Armenian Legal Center` “ALC”) և Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (Center for International and Comparative Law` “CICL”) և «Իրավական ուղի» ՀԿ վերջերս միավորել են իրենց ջանքերը` ապահովելու Ադրբեջանի կառավարության կողմից ներկայումս գերության մեջ գտնվող անձանց ազատումը:

Այս կազմակերպությունների համագործակցությունը, որը սկսվել է 2021-ի հունվարին, հետամուտ է լինելու բացահայտելու մարդու իրավունքների այն խախտումները և պատճառված վնասները, որոնք հասցվել են Ադրբեջանի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների կողմից հայ քաղաքացիական անձանց և զինվորականներին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմի ընթացքում: Վերոհիշյալ կառույցները հետամուտ կլինեն նաև զինված հակամարտության ընթացքում և նրա ավարտից հետո անհայտ կորած հայ զինվորների և խաղաղ բնակիչների աճյունների վերադարձին:

Առաջիկայում Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը նաև փաստահավաք հետաքննություն կանցկացնի ադրբեջանական զինված ուժերի կողմից գերության ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգումների և սպանությունների դեպքերի վերաբերյալ:

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի աջակցությամբ և օժանդակությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) արդեն նախաձեռնել է տասնյակ դատական գործընթացներ ադրբեջանական գերության մեջ հայտնաբերված հայ գերիների անունից:

-Ադրբեջանի կառավարության կողմից շարունակվում են մարդու իրավունքների կոպիտ և բացահայտ խախտումները, որոնց համար Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի,- ասում է մարդու իրավունքների հայտնի փաստաբան և Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի գործադիր տնօրեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, ով ղեկավարում է ՄԻԵԴ-ի դատավարությունները: Սերտ համագործակցելով Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ` մենք հետամուտ ենք լինելու ադրբեջանական ագրեսիայի զոհերի իրավունքների պաշտպանությանը և, ի վերջո, հայ գերիների վաղաժամկետ ազատմանը, — եզրափակել է Սահակյանը:

-Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց շարունակական գերեվարումը, տանջանքները և խոշտանգումները մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են, որոնք այլևս չեն կարող հանդուրժվել և պետք է լուծվեն առանց հետագա հապաղումների,- հայտարարել է Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քենեթ Հաճիկյանը: — Մենք ուրախ ենք համագործակցել Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի մեր տաղանդավոր և փորձառու գործընկերների հետ և կշարունակենք այս կենսական ջանքերը մինչև արդարության վերականգնումը և բոլոր գերիների վերադարձը իրենց ընտանիքներին, — եզրափակել է Հաճիկյանը: